top of page
kapan 2025 logo.png
  • Instagram
  • Facebook
  • Youtube

Անուշ Նիկողոսյան

Անուշ Նիկողոսյանը հայ ջութակահարուհի է, ով ծնվել է 1989 թվականին Երևանում և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ հանդես է ընդամենը 10 տարեկանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում՝ կատարելով Մենդելսոնի «Ջութակի կոնցերտը»։

Այդ ժամանակից ի վեր համերգներով է հանդես եկել բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում և փառատոներում, այդ թվում՝ Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյ Հոլլում (ԱՄՆ), Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում՝ «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնի շրջանակներում (գեղարվեստական ղեկավար` Վալերի Գերգիև), Վարշավայի ազգային ֆիլհարմոնիկ դահլիճում, Ֆրանկֆուրտի Ալթեն Օպերի Մեծ դահլիճում, BASF Feierabendhaus Ludwigshafen, Allerheiligen Hofkirche München, Brucknerhaus Linz համերգասրահներում՝ «Բրուքներ փառատոնի» շրջանակներում, Կլագենֆուրտի համերգասրահում, Նիսի օպերայում, Բրատիսլավայի օպերայում, Ուհանի Քինտայի համերգասրահում (Չինաստան), Իտալիայում՝ Ռիմինի «Ժողովուրդների միջև բարեկամության», Ռավելլոյի երաժշտական, Էմիլիա Ռոմանյայի երաժշտական և «Ազգերի» փառատոներին։

Որպես մենակատար ելույթ է ունեցել բազմաթիվ նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Լիտվայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Եկատերինբուրգի Ուրալի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սաարբրյուկենի գերմանական ռադիոֆիլհարմոնիան, Մորավիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կարինթյան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կաունասի կամերային նվագախումբը, Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Վրոցլավի Լեոպոլդինում կամերային նվագախումբը, Ուհանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Նոյսի կամերային ակադեմիայի նվագախումբը՝ Քրիստոֆ Պոպենի, Դմիտրի Լիսսի, Էդուարդ Թոփչյանի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի, Լեոս Սվարովսկու ղեկավարությամբ։

Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների։ 2010 թվականին նա հաղթեց հեղինակավոր միջազգային Wörthersee Kärntner Sparkasse ջութակի մրցույթում (Ավստրիա): Մրցույթի նախագահ, մաեստրո Ֆաբիո Լուիսին նրան հրավիրեց Սապորոյում (Ճապոնիա) կայանալիք «Խաղաղօվկիանոսյան երաժշտության փառատոնին»՝ Չայկովսկու ջութակի կոնցերտը կատարելու համար։

Բացի դասական երաժշտացանկից, Անուշ Նիկողոսյանը կատարում է նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրա համար առաջին հերթին կարևոր է ներկայացնել իր հայրենիքի՝ Հայաստանի երաժշտությունը: Նրա կատարած կոմպոզիտորական ստեղծագործություններից կարևոր է նշել Խաչատրյանի, Մանսուրյանի, Բաղդասարյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի և շատ ուրիշների ստեղծագործությունները։

Ջութակ նվագել սկսել է 5 տարեկանից։ 11 տարեկանում կրթությունը շարունակել է հայ անվանի ուսուցիչ Պետրոս Հայկազյանի մոտ։ Այնուհետև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եղել է Էդուարդ Թոփչյանի աշակերտուհին։

Հետագայում սովորել է Մյունխենի երաժշտության և թատրոնի համալսարանում՝ պրոֆեսոր Քրիստոֆ Պոպենի դասարանում: 2013 թվականից շարունակել է իր ուսումը մագիստրատուրայում՝ պրոֆեսոր Ջուլիա Ֆիշերի մոտ, և գերազանցությամբ ավարտել այն 2015 թվականին։ 2017 թվականին ավարտել է կրթությունը Մյունխենի կոնսերվատորիայում՝ ստանալով Արտիստի դիպլոմ:

2012-2015 թվականներին եղել է «Villa Musica Rheinland-Pfalz» կամերային երաժշտության ակադեմիայի կրթաթոշակառու։ 11 տարեկանից Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու է, ինչի շնորհիվ բազմաթիվ ելույթներ է ունեցել աշխարհի հեղինակավոր փառատոներում, այդ թվում՝ Լիտվայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Սլովակիայում, Չեխիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։

Որպես կամերային երաժիշտ, ելույթ է ունեցել այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ջուլիա Ֆիշերը, Քիմ Քաշքաշյանը, Նիլս Մյոնկեմեյերը, Մարիո Բրունելոն, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գայը, Վագ Պապյանը, Ռադովան Վլատկովիչը, Վացլավ Հուդեցեկը, Սիմոն Տրպչեսկին, Վադիմ Խոլոդենկոն, Սերգեյ Կրիլովը, Ալեքսանդր Չաուշյանը և շատ ուրիշներ:

Ստեղծել է «Դասականը բոլորի համար» համերգաշարը, որը մեկ ծրագրում է միավորում է դասական երաժշտության կատարումներն ու դրա շուրջ զրույցները։ Բացի այդ, կանոնավոր կերպով համագործակցում է Հայաստանի ազգային երաժշտական կազմակերպության հետ՝ տեսաձայնագրելով դասական և հազվադեպ կատարվող հայկական ստեղծագործությունները։

Անուշ Նիկողոսյանն ապրում է Մյունխենում և Երևանում։

Նվագում է Ժան-Բատիստ Գվադանինիի կերտած ջութակով (Միլան, 1753)։

bottom of page