



Արմինե Գրիգորյան
Հայ անվանի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանն Արմինե Գրիգորյանի արվեստի նկամամբ իր հիացմունքն էր արտահայտել այս խոսքերով «…Ես չեմ դադարում հիանալ Արմինեի նվագով և անընդհատ ուզում եմ լսել նրան»։
Արմինե Գրիգորյանը հայ ժամանակակից տաղանդավոր դաշնակահարների ամենավառ ներկայացուցիչներից է։
Երաժշտական կրթությունը ստացել է նախ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում՝ պրոֆեսորներ Գեորգի և Սերգեյ Սարաջյանների ղեկավարությամբ՝ ձեռք բերելով մասնագիտական գերազանց որակներ։ Դա ակնհայտ է նրա՝ որպես մենակատարի և համագործակցող դաշնակահարի ելույթներից:
Արմինե Գրիգորյանը՝ որպես մենակատար և կամերային երաժիշտ, հյուրախաղերով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Իտալիայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Ավստրիայում, Չեխիայում, Իսպանիայում, Բելգիայում, Բուլղարիայում, ԱՄԷ-ում, Ղազախստանում, Լիբանանում, Բալթյան երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում և այլուր։
Արմինե Գրիգորյանը դարձել է «Roma 2003» դաշնակահարների միջազգային մրցույթի կրկնակի դափնեկիր, որտեղ արժանացել է նաև Հռոմի Պատգամավորների պալատի հատուկ մրցանակի և մեդալի։ Նույն թվականին Սոնա Բարսեղյանի հետ («Սոնետ» դաշնամուրային դուետ) արժանացել է Հռոմի «Ֆրեդերիկ Շոպեն» ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթի մրցանակին, ինչպես նաև արժանացել է հատուկ մրցանակի՝ Սերխիո Կալիգարիսի ստեղծագործությունների լավագույն կատարման համար։
Արժանացել է հատուկ մրցանակների՝ որպես համագործակցող դաշնակահարուհի մի քանի միջազգային մրցույթներում: Արմինե Գրիգորյանը թողարկել է մի քանի ձայնասկավառակներ (դրանց թվում է նաև «Անհայտ Խաչատրյանը»):
2005 թվականից Արմինե Գրիգորյանի գեղարվեստական ինքնատիպությունը փայլում է նաև նրա համերգային ծրագրերում՝ որպես Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարի՝ տաղանդավոր երաժիշտների՝ ջութակահար Կարեն Շահգալդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի հետ միասին։ Հայաստանից դուրս Տրիոյի համերգներն անցկացվել են աշխարհի շատ երկրներում՝ այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Վիեննայի «Musikverein»-ը, Համբուրգի «Laeiszhalle»-ն, Լայպցիգի «Gewandhaus»-ը, Մյունխենի «Gasteig ֆիլհարմոնիան», Լոնդոնի «Queen Elizabeth Hall»-ը, Տոկիոյի «Suntory Hall»-ը, Տորոնտոյի «Koerner Hall»-ը:
Պարգևատրվել է Լեհաստանի և Հայաստանի մշակույթի նախարարության մեդալներով։
Արմինե Գրիգորյանը Երևանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։
2004 թվականից՝ որպես Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն, լայնորեն տարածում է Խաչատրյանի երաժշտությունն ու անունը ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում, նոր կապեր հաստատում աշխարհի այլ թանգարանների հետ։