





Սմբատյան Սերգեյ
Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը և Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։ Որպես դասական երաժշտության ժողովրդականացման ակտիվ ջատագով՝ դիրիժորը ծավալում է հագեցած միջազգային գործունեություն, ինչպես նաև մեծ կարևորություն է տալիս դասական երաժշտության լսարանի երիտասարդացմանը և համաշխարհային ժամանակակից դասական երաժշտության հանրաճանաչմանը։
Երաժիշտների ընտանիքում ծնված Սերգեյ Սմբատյանի մուտքը երաժշտության աշխարհ սկսվել է իր տատիկի՝ վաստակաշատ մանկավարժ Տատյանա Հայրապետյանի ջութակի դասերով, որոնց հաջորդել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում:
Կոնսերվատորիան ավարտելուց հետո Յուրի Դավթյանի մոտ սովորել է դիրիժորություն և կարճ ժամանակ անց 18 տարեկանում ստեղծել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մինչ օրս: 2009թ. ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանով։ 2012 թվականից հռչակավոր դիրիժոր Սըր Քոլին Դեյվիսի ղեկավարությամբ ուսանել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում։ Նրա դիրիժորական վարպետության զարգացման համար կարևոր նշանակություն են ունեցել դասընթացները Ռիկարդո Մուտիի և Վալերի Գերգևի ղեկավարությամբ:
Սերգեյ Սմբատյանի դիրիժորական կարիերայի մեկնարկին կարևոր դեր ունեցավ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ նրա դեբյուտային ելույթը Վինձորյան ամրոցում արքայազն Չարլզի հովանու ներքո իրականացվող միջոցառման շրջանակում, որի տպավորիչ հաջողությանը հետևեց կրկնակի հրավեր՝ Բուքինգհեմյան պալատում ղեկավարելու Լոնդոնի «Ֆիլհարմոնիա» նվագախմբի համերգը:
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրընկալվել է աշխարհի շատ հեղինակավոր բեմերում, որոնց թվում՝ Բեռլինի «Կոնցերտհաուսի», Լոնդոնի «Բարբիքան սենթրի», Համբուրգի «Էլբֆիլհարմոնիայի», Մյունխենի «Գասթայգի» համերգասրահները, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճը և այլն: Նվագախմբի համար բեկումնային նշանակություն են ունեցել ելույթները Վիեննայի «Մուզիքֆեղայնի», Բեռլինի ֆիլհարմոնիայի և այլ անվանի համերգային դահլիճներում։ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ դիրիժորն ունեցել է բազմաթիվ համերգային շրջագայություններ և ելույթներ Նյու Յորքի «Քարնեգի հոլ», Ֆիլադելֆիայի «Քիմել կենտրոնի», Մյունխենի «Գասթայգ», Վիեննայի «Մուզիքֆեղայն», Բեռլինի ֆիլհարմոնիայի և այլ համերգասրահներում։
Սերգեյ Սմբատյանի գործունեության միջազգային ընդգրկումը և նրա առանձնահատուկ վերաբերմունքը ժամանակակից դասական երաժշտության հանդեպ բազմակողմանի համագործակցությունների հնարավորություններ է ստեղծել աշխարհի մեծանուն կոմպոզիտորների հետ, որոնց թվում՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, Տիգրան Մանսուրյանը, Արվո Պյարտը, Գիա Կանչելին և ուրիշներ։ Դիրիժորը նաև ակտիվորեն ներգրավվում է տարբեր ստեղծարար նախաձեռնություններում հեղինակավոր արտիստների հետ։ Այդպիսի լայնամասշտաբ նախագծերից էին Ջոն Մալկովիչի հետ իրականացրած ծրագրերը Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներում։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ Հոլիվուդյան լեգենդար արտիստը Երևանում հանդես է եկել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ընթերցման երաժշտական եզակի նախագծում:
Սերգեյ Սմբատյանը մի շարք ամենամյա երաժշտական փառատոնների, ինչպես նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է: Դիրիժորի նախաձեռնությամբ մրցույթում ներդրվել է «դիրիժորություն» անվանակարգը, իսկ նրա կողմից հիմնադրված փառատոնների թվում են Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը՝ միտված Արամ Խաչատրյանի և այլ մեծանուն դասական կոմպոզիտորների երաժշտության շարունակական հանրահռչակմանը, «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը Հայաստան է հրավիրվում համաշխարհային հեղինակություն վայելող վիրտուոզ երաժիշտների, Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը, որով ներկայացվում է մեր ժամանակների լեգենդար կոմպոզիտորների երաժշտությունը և այլն։
Դիրիժորի հիշարժան նախաձեռնությունների թվում են նաև տարբեր գաղափարների շուրջ ձևավորված այլ նվագախմբեր, որոնցից են «24/04» միջազգային նվագախումբը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, «Անկախության սերունդ» համահայկական նվագախումբն ու երգչախումբը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախումբը՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին, ինչպես նաև Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որի նպատակն ամփոփված էր աշխարհասփյուռ հայության միավորման գաղափարում։
Համերգային գործունեությանը զուգահեռ՝ դիրիժորը նաև մեծ կարևորություն է տալիս սոցիալական պատասխանատվությանն ու երիտասարդ սերնդի մշակութային զարգացման հանձնառությանը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում է կրթամշակութային ծրագրեր՝ ուղղված դասական երաժշտության հանդեպ հետաքրքրություն ձեւավորմանը և Հայաստանի աշակերտական և ուսանողական համայնքների ներգրավմանը դասական երաժշտության լսարանին: Սերգեյ Սմբատյանը հիմնել է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF), որի գործունեությունն ուղղված է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտմանն ու նրանց երաժշտական կարիերայի առաջընթացի սատարմանը։
Որպես երաժշտարվեստում նորարարական մոտեցումների ջատագով՝ տարբեր նախագծեր նախաձեռնելիս դիրիժորը մշտապես փորձում է գտնել ստեղծարար գաղափարներ և լուծումներ: Հայաստանում հյուրընկալված ՏՏ ոլորտի նորարարական և ձեռնարկատիրական գործիչների ամենամեծ “WCIT” ամենամյա համաժողովի բացման արարողության ժամանակ միջազգային նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց արհեստական բանականության կողմից իրական ժամանակում գրվող երաժշտական ստեղծագործություն: Այս աննախադեպ նախագիծը խորհրդանշում էր ավանդական դասական երաժշտարվեստի և արդի թվային տեխնոլոգիաների միջև երկխոսության հեռանկարները, որի հանդեպ մեծ հավատ ունի դիրիժորն ինքը:
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ թողարկում է ձայնագրություններ նվագախմբի «ArmSymphony Records» ձայնագրային պիտակի ներքո, ինչպես նաև ակտիվորեն իրականացնում է ժամանակակից դասական երաժշտության ձայնագրություններ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և այլ նվագախմբերի հետ։ 2023թ․ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալլեյայի հետ թողարկել է «Ավե Մարիա» հոգևոր երաժշտության ալբոմը՝ «DECCA Records» ձայնագրային ընկերության պիտակով։
Վերջին համերգաշրջաններում որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը և «Ֆիլհարմոնիա» նվագախումբը, Վարշավայի ֆիլհարմոնիկ, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Պրահային Ռադիոյի սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Սլովակ ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի: 2022-2023 համերգաշրջանում Սերգեյ Սմբատյանը ակտիվ համերգային շրջագայություններ է ունեցել Միացյալ Թագավորությունում Ռումինիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, իսկ 2023թ. ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ՄԹ հյուրախաղերը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին:
Սերգեյ Սմբատյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, ինչպես նաև կրում է Ֆրանսիայի «Արվեստի և գրականության ասպետ» տիտղոսը:
2023 թվականից Սերգեյ Սմբատյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է: